Խառը մտքեր բանակի օրը



«Սաս» սուպերմարկետի վաճառողուհիներին զինվորական պիլոտկայով տեսնելով մտածեցի՝ տեսնես իրենք գիտե՞ն, որ եթե բերանից կրակեն իրենց վրա ու գնդակը դուրս գա պուճուճակից, գլխարկը գլխներին կմնա: Համենայնդեպս, քննիչները դա հնարավոր են համարում:

Տեսնես՝ մարտի 8-ի պատճառո՞վ է, որ տղամարդկանց համար հունվարի 28-ը տոնական օր է: Թե՞ սովետական փետրվարի 23-ի ինադու:


Ինձ համար համակրելի երիտասարդ տղամարդկանց մի մեծ խումբ տեսա՝ բանակի օրը միասին նշելիս: Նրանց մեծ մասը չեն ծառայել միանգամայն օրինական պատճառներով: Նրանց մի մասն էլ Լույսի լուռ ակցիայի էին եկել՝ ի հիշատակ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների, որոնցից մեկը՝ եղբայրս, նրանցից երեքի դասընկերն էր: Բայց տեսնես ինչի՞ էին մենակ, ոչ մի կին չկար տղերքի հետ՝ նրանց տոնը շնորհավորելու համար... (Դե ես էլ էնքան նրբանկատ չէի, որ շնորհավորեի:)

Զոհվածների մեծ մասը, այդ թվում եղբայրս, սիրում էին բանակը: Ես էլ: Բայց հիմա չեմ սիրում: Տեսնես հիմա իրենք սիրո՞ւմ են:

Տեսնես Իրենք տեսա՞ն մեր վառած լույսը Ազատության հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ:

Իսկ անցորդները տեսա՞ն:

Իսկ ոստիկաննե՞րը: Ինչո՞ւ էին էդքան լուռ ու անաղմուկ, ու դեռ նագլի Նիվայի հետ կռիվ տվին մեր համար, ու դեռ վերջում մեր շնորհակալությանն էլ պատասխանեցին՝ ապրեք, դուք էլ ապրեք:

Սեյրան Օհանյանն ինչի՞ չէր գոռում իր «տոնական» ուղերձում:

Տեսնես ո՞վ էր էն զինվորը, որ երկու տարի առաջ էս օրը հարբել-վատացել էր ու ում եղբայրս ձեռքից բռնած ման էր տվել սառն օդին՝ մինչեւ լավանա, ու թույլ էր տվել, որ քնի հերթափոխի ժամին... Տեսնես հիշո՞ւմ է...

Տեսնես էն համարձակ հրամանատարը, որ եղբորս պատվին իրենց զորամասում համազարկի հրաման է տվել, արել է դա որովհետեւ եղբայրս սպա՞ էր, դրա՞ համար, թե՞...

Տեսնես մեկը համազարկ տվե՞լ է Տիգրանի, Աղասիկի, Թորգոմի, Տիգրանի, Նարեկի, Արայիկի... մյուսների պատվին...

Տեսնես մե՞ծ մեղք է բանակի օրը չուրախանալը, ուրիշների տոնը չհասկանալը:

Տեսնես երբ պատվո պահակախմբով են հուղարկավորում զինվորականին, ինչպես ԱՄՆ-ում, մոր ցավը ավելի քի՞չ է, քան հայաստանցի մոր ցավը...

Տեսնես որ աշխարհում բանակ կամ պատերազմ չլիներ, տղամարդիկ կլինեի՞ն:
Автор Tsovinar Nazaryan, написано 29 января 2012 г. в 3:04